ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ճանաչիր բառը. Աներես

Ճանաչիր բառը. Աներես
15.02.2013 | 12:06

Հայերենում կա մի բառ, որի թե՛ հաստատականը, թե՛ ժխտականը նույն բանն են նշանակում: Իմաստային այսպիսի միանշանակությունը քերականական կանոններից շեղման բացառիկ երևույթներից է:
Խոսքը «երես» բառի և նրանից ստացվող «երեսով» և «աներես» բառաձևերի մասին է: Մարդուն բնութագրելիս, իբրև դարձված, գործածում ենք «երեսով մարդ լինել» արտահայտությունը, որ նշանակում է «մեկին որևէ բանով դիմելու համար հնարավորություն, վստահություն, համարձակություն ունենալ, համառությամբ պնդել, պահանջել, համառորեն պահանջել»: Նույնն է նշանակում նաև «աներես մարդ լինել» արտահայտությունը:
Սա, իհարկե, չի գործում ուղղակի իմաստի դեպքում. երեսով կաթը և աներես կաթը բոլորովին տարբեր, իրար հակառակ բաներ են:
Դարձվածաբանական առումով «երեսով մարդ», «աներես մարդ» դարձվածներին կարելի է հոմանիշ համարել «երեսդ թափի», «երեսդ կուտ գնա», «պնդերես մարդ» դարձվածները:
Պետք է ենթադրել, որ «երեսդ թափի», «երեսդ կուտ գնա» արտահայտությունների հիմքում ընկած է մարդու այտերի՝ ամոթից շիկնելու հատկությունը, որը ժողովրդի պատկերավոր մտածողությամբ զուգորդվել է թոնրի թշի թեժության հետ: Այդ թեժությունից առաջին հացը միշտ կուտ է գնում, թափվում:
Հնարավոր է նաև, որ այդ արտահայտությունները առնչակցություն ունենան ծաղիկ հիվանդությանը: Չէ՞ որ այդ «կարմիր» հիվանդության ժամանակ մարդու երեսը «թափվում էր», «կուտ էր գնում»: Հատկանշական է, որ «երեսով» և «աներես» բառերի իմաստային միանշանակությունը անցել է նաև դարձվածային մտածողությանը. ի վերջո, «եկավ երես թափեց» դարձվածը (իսկ երես է թափում աներես մարդը) նույն իմաստն է արտահայտում, ինչ «եկավ երեսը պնդացրեց» (որովհետև երես պնդացնում է աներես մարդը) դարձվածը: «Երես թափել»-ը և «երես պնդացնել-ը հականիշ են բառացի, և հոմանիշ՝ դարձվածային առումով:

Դիտվել է՝ 17418

Մեկնաբանություններ